Մինչ Ազգային ժողովը քննարկում է ըստ էության ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացնում են՝ եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցվի, և Կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել:
Կարապետյանները տեղեկացնում են՝ պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա: Կարապետյանները ՀԷՑ-ը տնօրինում են նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով.
«Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա»:
ՀԷՑ-ի շուրջ կայծակնային արագությամբ ծավալվող իրադարձությունների հաջորդականությունը ներկայացնող Կարապետյանները, այդուհանդերձ, ընդգծում են՝ ծանուցումը նախազգուշական է.
«Դրանում բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն»:
ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ: Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները:
Կարապետյանների ուղարկած նամակից ժամեր անց խորհրդարանի արտահերթ նիստում սկսվեց նախագծի քննարկումը՝ հրատապ հարցերի շարքում՝ 24-ժամյա ռեժիմով:
«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, և դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով այն քննարկել, ՀԷՑ-ի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ՝ բացասական առումով, ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը՝ շարունակելով. - «Հիմա ասում եք՝ «սա հրատապ կերպով քննարկեք», ինչո՞ւ հրատապ: Իմ պատասխանը, օրինակ, այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով, և դա հրատապություն է առաջացրել Կառավարությունում: Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետևաբար՝ հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»:
Ընդդիմադիր պատգամավորի այս հարցին օրակարգի նախագծերը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը հստակ պատասխան չտվեց:
«Ռազմավարական ոլորտը հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ, դրա համար էլ այս նախաձեռնությունը այսօր ձեզ ներկայացվում է և առաջարկվում է քննարկել», - ասաց փոխնախարարը:
«Հենց էսօր դա տեսա՞ք, երեկ դա տեսա՞ք: Մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, երկու տարի առաջ չէիք տեսնում, հենց էսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնե՞լ», - արձագանքեց Գրիգորյանը:
«Խնդիրները վաղուց կան, բայց մի օր, և կարծում ենք՝ սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ», - պատասխանեց Սիմոնյանը:
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանը. - «Խլվել է այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է «Հայռուսգազարդ»-ը ժամանակին, խլվել է վերջին 20 տոկոսը ժամանակին, երկաթուղիները, ՀԷՑ-ը ժամանակին՝ 2002-ին մասնավորեցվելուց»:
Սա ՀԷՑ-ը խլելու նախաձեռնություն է. ընդդիմադիրների ելույթներն այս շեշտադրումն ունեին:
«Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, և՛ իշխանությունը օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը:
«Այս նախագիծը, կրկնում եմ գործընկերներիս ասածը, մեկ բանի մասին է՝ ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Կառավարությունից, մինչդեռ, վստահեցնում են, թե ՀԷՑ-ով սկսվել են զբաղվել Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանող հայտնի հայտարարությունից առաջ, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը պնդեց՝ վարչապետից ավելի վաղ էին հանձնարարական ստացել. - «Հանձնարարականը եղել է գրավոր, հստակ ամիս-ամսաթվով, և ինձ մոտ առնվազն տպավորությունը էնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան»:
Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Կարապետյանի կալանավորումից առաջ՝ մայիսի 20-ին կառավարական էլեկտրոնային փոստով ուղարկած իր հանձնարարականի սքրինշոթը: Նամակում Փաշինյանը դժգոհում է հոսանքազրկումներից ու պահանջում պատժամիջոցներ կիրառել ՀԷՑ-ի նկատմամբ: Վարչապետը խնդրում է «թեման չցրել, այլապես գնալու են ընկերության ազգայնացման, ամբողջական և կտրուկ»: Ընդ որում՝ Փաշինյանն այժմ էլ պնդում է, թե իր այս հանձնարարականի մասին ՀԷՑ-ում իմացել են, և դրանից հետո է Սամվել Կարապետյանը որոշել «կանգնել եկեղեցու կողքին»:
Խորհրդարանում ՀԷՑ-ին առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումն այսօր ավարտվեց, բայց քվեարկություն դեռ չի եղել: