Քննչական կոմիտեի նախագահը պնդում է՝ պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործում դերակատարություն են ունեցել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, նաև այլ մեղադրանքներով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Վերջիններիս փաստաբանները, սակայն, հերքում են Քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանի այս պնդումները:
«Մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարած գործողությունը»,- երեկ Հանրայինի եթերում ասաց Արթուր Պողոսյանը:
Օրերս հեղաշրջման կոչի մեղադրանքով Բագրատ Գալստանյանի խուց տարված Շիրակի թեմի առաջնորդը ևս, ըստ ՔԿ ղեկավարի, մասնակցություն է ունեցել ենթադրյալ ահաբեկչության այս գործին, նույնիսկ 2022-ից օրագիր է պահել, որին էլ հանձնել է իր մտքերը: Այդտեղ էլ իրապահները տեսել են ուղիղ կապը «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման հեղինակի ու գլխավորողի միջև: Թե ով է եկեղեցականներին ներգրավել քաղաքական պայքարի մեջ, Արթուր Պողոսյանը չասաց: Միայն նշեց՝ դա էլ կդարձնեն վարույթի առարկա:
«Այնտեղ ուղիղ կապը Վազգեն (Բագրատ սրբազանի աշխարհիկ անունը-խմբ) Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան», - ասաց ՔԿ նախագահը:
Միքայել սրբազանը ձերբակալման օրը՝ Էջմիածնից Երևան ճանապարհին, ասել էր, որ առաջնորդարանից իր համակարգիչն ու կրիչներն էին առգրավել, ու հավելել՝ դրանցից իրավապահները կհիասթափվեն: Օրագրի մասին արքեպիսկոպոսը չէր խոսել:
Այսօր Աջապահյանի փաստաբան Ռոման Ահարոնյանը հերքեց և անհիմն որակեց Քննչականի պնդումները, թե նա կապ ունի Գալստանյանի քրեական գործի հետ. «Մեր գործը լրիվ ուրիշ գործ է, և այսպիսի տվյալներ, առնվազն մեզ հասանելի չունենք»:
ՔԿ նախագահը երեկ պարզաբանեց, թե ինչու որոշեցին կալանավորել Աջապահյանին: Ասաց՝ նա վերահաստատել է հեղաշրջման կոչը մի շրջանում, երբ մյուս հոգևորականը՝ Բագրատ Գալստանյանն, արդեն մեղադրյալի աթոռին էր: Այս գործընթացներն, ըստ Պողոսյանի, նույն շղթայի մեջ են. «Ըստ էության, երկրում ստեղծեն քաոս, անկառավարելի իրավիճակ, այս հանրավտանգ եղանակով, պայթեցումներով և այլն, որպեսզի հասնեին իրենց նպատակին: Նպատակը մեկն էր՝ իշխանությունը յուրացնելը»:
Ըստ ՔԿ նախագահի՝ այս գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Սամվել Կարապետյանը: Պողոսյանի ղեկավարած կառույցը պնդում է՝ Գալստանյանի առաջնորդած գործողությունների պլանով անգամ որոշ պաշտոններ արդեն բաժանվել էին, իսկ գործարարներին էլ ներգրավել մարդկանց հավաքագրելու մեջ: Քննչականի ղեկավարը վկայակոչում է իրենց հրապարակած թղթերը, որոնք, պնդում են, առգրավել են խուզարկությունների ժամանակ: Այս թղթերում նաև Սամվել Կարապետյանի անունն է գրված, դիմացը նշված՝ 5000-8000 մարդ + ուղերձ:
«Դրանից հետո երբ մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձը, ում վերաբերյալ տվյալն արդեն կա, որ պիտի մարդ հավաքագրի, բերի, նաև կոչ հնչեցնի, նաև կոնկրետ սուբյեկտն արդեն հայտարարություն է կատարում, մենք սա գնահատում ենք այլ հանցակազմի տիրույթում», - նշեց նա:
Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Մեղքը չընդունող գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ պաշտպանյալն ընդամենը հակադրվել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող կառավարությանը, իսկ Քննչականի նախագահի երեկվա դիտարկումը քրեական գործի իրեն հայտնի տվյալների մեջ չկա:
«Եթե նայում ենք իրավական տեսանկյունից, չի էլ կարող լինել, դժվարանում եմ պատկերացնել՝ ինչից ելնելով է նման հայտարարությամբ հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահը: Կարծում եմ՝ միգուցե կամ ամբողջական տվյալները հասանելի չեն, կամ ի վերջո քրեական վարույթի նյութերի այն ծավալը, որը հասանելի է, հստակ, որևէ մի սցենարում չի կարող նման իրավիճակի հանգեցնող գնահատական տալու առիթ նույնիսկ հանդիսանալ», - նշեց Վարդևանյանը:
Ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով մեղադրվող Գալստանյանն ինքն է շարժման հեղինակը, «Ազատությանը» փոխանեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ կրկին հերքելով ոչ միայն մեղադրանքը, այլև եկեղեցու, այդ թվում՝ կաթողիկոսի դերակատարությունը Գալստանյանի նախաձեռնած շարժմանը:
«Միքայել սրբազան, Բագրատ սրբազան, Սամվել Կարապետյան, Հայ Առաքելական եկեղեցի՝ արհեստական այս կապն ստեղծում են, այդտեղ մենք տեսնում ենք՝ ներկայիս վարչախումբն ինչ տոտալ ձևով փորձում է ամեն կերպ գնալ դեպի եկեղեցի, ամեն կերպ ոտնձգել եկեղեցուն», - ասաց նա:
Մինչդեռ Քննչականի նախագահ Պողոսյանը երեկ պնդեց՝ ԱԱԾ ուժերով չեզոքացվել է պետության՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունը:
«Պետք է փակեին ՀՀ-ում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեն ավտովթարներ», - հավելեց Արթուր Պողոսյանը:
Քննչականն անցած շաբաթ հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ Գալստանյանը «Սրբազան պայքար» շարժման անվան տակ համախոհների հետ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ: Ըստ իրավապահների՝ կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25 հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման: