«Մեր երկրում էսօր, տեսեք, երևույթներ կան, որ, ընդ որում՝ մենք էդ երևույթները շարունակաբար հանդուրժում ենք, բայց աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չի հանդուրժվի, ասենք, օրինակ, Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքական գործունեություն ծավալել, ընդ որում՝ ամենառադիկալ հայացքներ արտահայտելով», - նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ովքե՞ր են Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, բայց քաղաքացիություն չունեցող ընդդիմադիր գործիչները, ո՞ւմ նկատի ունի վարչապետը. Ազգային ժողովի նախագահն անուններ չի տալիս, բայց վարչապետի ասածը կասկածի տակ չի դնում:
«Այո, եթե վարչապետը ասում է Ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա, և դուք, նենց չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն ա, որ տենց բան ա ասում: Իսկ չեք տեսե՞լ, որ ասում են՝ Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք ա ինքը անդամակցի որևէ միության, չեք լսե՞լ տենց արտահայտություն, լսել ե՞ք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով. - «Ես չգիտեմ, ես չգիտեմ, դուք կոնկրետացում եք ուզում, ես ձեզ ասում եմ՝ ես դրա իրավունքը չունեմ անելու»:
Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենին ներկայացնելիս նաև ասել էր, թե պետք է նման իրավիճակները կանխելու օրենսդրական մեխանիզմներ մշակել: Կառավարության ղեկավարը, սակայն, չէր մանրամասնել՝ օրենսդրական կոնկրետ ի՞նչ արգելքների մասին է խոսքը:
Ազգային ժողովի նախագահն այսօր ասաց՝ տեղյակ չէ՝ կոնկրետ ինչ նախաձեռնության մասին է խոսել վարչապետը, մինչ այժմ «Քաղաքացիական պայմանագրում» նման քննարկում չեն ունեցել:
Փաշինյանը նաև ասում էր, թե նույն՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող այդ անձինք սահմանադրական կարգը տապալելու կոչեր են անում. - «Սա աներևակայելի և անթույլատրելի բան է, և ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, չեմ կարող նման բան հանդուրժել»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ առանց անուններ տալու այսպիսի հայտարարություններ անելով Փաշինյանը շարունակում է երկիրը պառակտելու իր քաղաքականությունը: Խաչատրյանը չի բացառում, որ «Քաղաքացիական պայմանագրից» փորձեն անգամ երկքաղաքացիությունն արգելել. - «Ասեն՝ «հանձնեք անձնագրերից մեկը»: Ակնհայտ է՝ ցանկացած օրենք կարող են փոխել, սահմանափակել, ինչը և կարծում եմ կանեն, որովհետև այսօր Փաշինյանը միանձնյա, միահեծան բռնակալությունը ոչ թե հաստատելու, այլև հզորացնելու ճանապարհին է և քաղաքական ահաբեկչության է դիմում բոլոր այլախոհների նկատմամբ»:
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանձնարարեց ավելի լրջորեն զբաղվել, ինչպես ինքը ձևակերպեց՝ ազդեցության գործակալներով: Փաշինյանն ու թիմակիցները այսպես են դիմում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը նրանց հետ բանավեճերի ընթացքում: Կառավարության ղեկավարը թեև ընդունեց, որ Քրեական օրենսգիրքը սրա վերաբերյալ հստակություններ չի պարունակում, բայցև պնդեց՝ պետք է դրանց անդրադառնալու հնարավորություններ լինեն:
«Ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնուրույնությունը, որը, ընդ որում, արտահայտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքի, իրավասության, ազատության համակարգը կասկածի տակ դնելով և քայքայիչ գործողություններ իրականացնելով», - ընդգծեց վարչապետը:
«Բոլոր նրանք, ովքեր պահանջում են Սահմանադրության տեքստից հանել Անկախության հռչակագրի վրա հղումը, Ադրբեջանի ազդեցության գործակալներ են, և Ադրբեջանի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն, Թուրքիայի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն, որովհետև նրանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգ է ներկայացնում՝ լինի վարչապետ, լինի պատգամավոր», - պնդեց Արթուր Խաչատրյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այդ թվում՝ վարչապետը, հաճախ են մեղադրում ընդդիմադիրներին ռուսական շահերը սպասարկելու, ընդդիմադիրներն էլ՝ Փաշինյանին ու մյուս ՔՊ-ականներին՝ թուրք-ադրբեջանական օրակարգը առաջ մղելու համար: