Մատչելիության հղումներ

Թեհրանը երաշխիքներ է պահանջում, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում

Լրացված

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կվերսկսի, երբ երաշխիքներ ստանա, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ բանակցություններն անխուսափելի են:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին ասել է, որ բանակցությունները հազիվ թե արագ վերսկսվեն, բոլոր հարցերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Երկրի գլխավոր դիվանագետը նաև վստահեցրել է՝ Իրանը երբեք չի փակում դռները դիվանագիտության համար:

«Չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ։ Որպեսզի մենք որոշենք վերսկսել դրանք, նախ պետք է համոզվենք, որ Ամերիկան բանակցությունների ընթացքում չի հարձակվի մեզ վրա», - ընդգծել է Արաղչին:

Արդյոք Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը կարող է արագ վերսկսել ուրանի հարստացումը: Արաղչին պատասխանել է, որ հնարավոր չէ ոչնչացնել տեխնոլոգիան ու գիտելիքները, որ երկիրն ունի ուրանի հարստացման համար: Ցանկության դեպքում Իրանը կարող է արագ վերականգնել պատճառված վնասն ու առաջընթաց գրանցել: Արաղչին նաև ասել է, թե 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում Իրանը ցույց տվեց, որ կարող է պաշտպանվել և կշարունակի նույն կերպ, եթե կրկին հարձակման ենթարկվի:

Այս ֆոնին Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ աջակցում են Իսրայելի և Իրանի միջև կնքված հրադադարին, և կոչ են արել վերսկսել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Համատեղ հայտարարությունում ասվում է.

«Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համապարփակ, ստուգելի և կայուն համաձայնագրի կնքմանը»:

The Washington Post-ը, հղում անելով հետախուզական գաղտնի տվյալներին ծանոթ չորս աղբյուրի, գրում է, որ ԱՄՆ հետախուզությունը որսացել է Իրանի երկու պաշտոնյաների միջև հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվում է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների հասցրած վնասը: Պաշտոնյաները նշել են, որ հարվածները պակաս ավերիչ են եղել, քան սպասվում էր:

Սպիտակ տան խոսնակը չի հերքել գաղտնալսված զրույցի առկայությունը: Սակայն Քերոլայն Լիվիտը չի համաձայնել նրանց եզրահանգումներին՝ ասելով, որ նրանք չեն կարող գնահատել ԱՄՆ գործողության թիրախում հայտնված Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին հասցված վնասը։

«Գաղափարը, որ անանուն իրանցի պաշտոնյաները գիտեն, թե ինչ է կատարվում հարյուրավոր ոտնաչափ խորությամբ փլատակների տակ, աբսուրդ է։ Միջուկային զենք ստեղծելու նրանց ծրագիրն ավարտված է», - վստահեցրել է Լիվիտը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ԱՄՆ պատվիրակության նախկին անդամ Ալան Էյրը, The Wall Street Journal-ի հետ զրույցում խոսելով Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածների մասին, ասել է, որ դա կարող է Թեհրանին ստիպել միջուկային զենք մշակել:

«Աբսուրդ է, բայց մենք իրանցիներին է՛լ ավելի ենք համոզել, որ անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծել», - ընդգծել է նա: Ալան Էյրի կարծիքով՝ Թեհրանն այժմ «մտածում է, թե ինչպես վերականգնել նախկինը կամ պաշտպանական նոր ռազմավարություն մշակել»։

Մինչ ԱՄՆ-ն ու Իրանը դեռ համաձայնության չեն գալիս բանակցությունները վերսկսելու շուրջ, Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Իրանը դեռ սպառնալիք է Իսրայելի համար:

Բենյամին Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանը ծրագրել է Իսրայելի կործանման երեք ուղի՝ ընդլայնել իր ազդեցության գոտին և սեղմել Իսրայելին «խեղդող օղակը», Իսրայելը ոչնչացնել հրթիռային և միջուկային սպառնալիքի միջոցով։ Նա նշել է, որ սա է Իրանի գոյության իմաստը, հավելելով, թե դա միակ պատճառը չէ, որ նրանք ցանկանում են ոչնչացնել Իսրայելը. նրանց նպատակը Մերձավոր Արևելքը նվաճելն է:

«Բայց իրենց գլխավոր նպատակներին հասնելու համար նրանք պետք է մե՛զ վերացնեն։ Հնարավոր չէ նվաճել Մերձավոր Արևելքը՝ առանց Իսրայելը ոչնչացնելու։ Եվ եթե Իսրայելը դադարի գոյություն ունենալուց, Մերձավոր Արևելքը անմիջապես կփլուզվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահին և մի քանի նախարարների: ԱՄՆ նախագահն, իր հերթին, տեղեկացրել է, որ Նեթանյահուի հետ կքննարկեն նաև Գազայի հարցը:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դաննոնն, իր հերթին, անդրադարձել է Գազայի խնդրին՝ ասելով, որ պատերազմն այնտեղ չի ավարտվի, քանի դեռ Իրանի աջակցությունը վայելող պաղեստինյան «Համաս»-ի կողմից պահվող մոտ 50 իսրայելցի պատանդներն ազատ չեն արձակվել:

Իրանի աջակցությունը վայելող ու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ շարժումը երբեք չի հանձնվի «ԱՄՆ-ի և Իսրայելի բռնապետությանը»։ «Մենք երբեք չենք խոնարհվի և չենք հանձնվի ագրեսորներին»,- ասել է Շեյխ Նաիմ Քասեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG